Արդարադատության ակադեմիայի ռեկտորը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Սեպտեմբերի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Արտահայտվելու ազատության և լրագրողների անվտանգության բաժնի ավագ ծրագրային պատասխանատու Մեհդի Բենշելահին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտահայտվելու ազատության, մամուլի ազատության, տեղեկատվության մատչելիության և արդարադատության ոլորտում արհեստական բանականության պատասխանատու կիրառման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։
Ռեկտորը ներկայացրել է Ակադեմիայի գործունեությունը և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Մեհդի Բենշելահն իր հերթին ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը, այդ թվում՝ դատական համակարգի դերակատարների կողմից արհեստական բանականության պատասխանատու կիրառման վերաբերյալ ուղեցույցները, արտահայտվելու ազատության թեմայով առցանց դասընթացները և գործնական ուղղվածությամբ աշխատաժողովների ձևաչափը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերի (SLAPP) թեմային։ Կողմերը քննարկել են այս ոլորտում միջազգային չափանիշների և համեմատական պրակտիկայի վերաբերյալ դատավորների և դատախազների համար մասնագիտական դասընթացների կազմակերպման հնարավորությունը։
Քննարկվել է նաև դատավորների, դատախազների և քննիչների համար արհեստական բանականության գործիքների պատասխանատու կիրառման վերաբերյալ մասնագիտական դասընթացի և դասընթացավարների պատրաստման ծրագրի մշակումը՝ մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության չափանիշների համատեքստում։
Այլ ուղղությունների շարքում քննարկվել է թվային միջավայրում ատելության խոսքի թեմայով մասնագիտացված աշխատաժողովի կազմակերպման հնարավորությունը՝ ուղղված քաղաքացիական և քրեական վարույթներում միջազգային չափանիշների գործնական կիրառման կարողությունների զարգացմանը։
Կողմերն ընդգծել են միջազգային և հայ փորձագետների համատեղ աշխատանքի կարևորությունը՝ միջազգային լավագույն փորձը ազգային օրենսդրության և պրակտիկայի առանձնահատկությունների հետ համադրելու նպատակով։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները համագործակցության կոնկրետ ձևաչափերի շուրջ։