ԹՊԻՀ գործընկերների այցն Արդարադատության ակադեմիա
Հունիսի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերին և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալ, ով Հայաստան է ժամանել կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կարիքների գնահատում անցկացնելու նպատակով:
Ռեկտորը ողջունեց հյուրերին, բարձր գնահատեց ԹՊԻՀ գրասենյակի հետ ձևավորված համագործակցությունը և համոզմունք հայտնեց, որ այն կլինի շարունակական ու արդյունավետ:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և շնորհավորեցին Տաթևիկ Սուջյանին ակադեմիայի ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի զարգացման առաջիկա ծրագրերը, պատասխանեց հյուրերին հետաքրքրող հարցերին: Գործընկերները քննարկեցին համատեղ իրականացված և ընթացիկ ծրագրերը՝ կարևորելով փոխգործակցության ընդլայնումը:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ամբողջությամբ նորոգված, կահավորված և տեխնիկապես վերազինված «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահում»: