Ակադեմիայի ներկայացուցիչների աշխատանքային այցը՝ Շվեդիա
Հոկտեմբերի 3-ից՝ մեկշաբաթյա այցով, Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները Ստոկհոլմում էին՝ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակում:
Պատվիրակության կազմում էին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Անահիտ Գալստյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, ինչպես նաև դատական դեպարտամենտի աշխատակիցներ:
Աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի նախագահի, աշխատակցիների և փորձագետների, Աթթունդայի շրջանային դատարանի նախագահի, դատավորների, ինչպես նաև Շվեդիայի դատական վերապատրաստումների ակադեմիայի ղեկավարության հետ, և քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նաև Աթթունդայի շրջանային դատարանում կայացած դատական նիստի, ծանոթացել դատավորների կարողությունների զարգացման շվեդական փորձին, մեդիայի հետ հաղորդակցության ռազմավարությանը:
Հանդիպումների ընթացքում կողմերը միմյանց հետ կիսվել են երկու երկրների ունեցած լավագույն փորձով, քննարկել համագործակցության շրջանակում իրականացվելիք ծրագրերը:
Ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի միջև համագործակցությունն ամրապնդված է հուշագրով, որի համաձայն՝ իրականացվում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը ուղղված ծրագիր: