Երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ Ակադեմիայի ունկնդիրների համար
Սեպտեմբերի 13-ից 14-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվեց վերապատրաստման դասընթաց՝ նվիրված «Ուժեղ ցավի տարրը խոշտանգման հասկացությունում» ուղեցույցին: Դասընթացն իրականացվեց Ակադեմիայի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ-ադրբեջանական սահմանագծին հերոսաբար նահատակված հայորդիների հիշատակը:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: «ՀՀ քրեական օրենսգիրքը ունի մի շարք հանցակազմեր, որոնք առնչվում են խոշտանգմանը և դրա տարբեր դրսևորումներին: Այդ իմաստով շատ եմ կարևորում մշակված ուղեցույցի ներմուծումը մեր ուսումնական գործընթաց»:
Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան իր հերթին շնորհակալություն հայտնեց պատշաճ ընդունելության և դասընթացի կազմակերպման համար և հույս հայտնեց, որ ուղեցույցը կարևոր ներդրում կլինի Ակադեմիայի համար:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին դատախազներ, դատախազի թեկնածուներ, դատավորներ և դատավորի թեկնածուների հավակնորդներ:
Դասընթացն անցկացրեցին Ակադեմիայի դասընթացավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, Ակադեմիայի դասընթացավար, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Ղուկեյանը և դասախոս, բժիշկ Լաուրա Գասպարյանը (ՄԻՊ գրասենյակ):