ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Աշխատանքային քննարկում՝ նվիրված Ակադեմիայի մասին օրենսդրության բարեփոխման ուղղությունների վերաբերյալ նախնական զեկույցին

24.08.2022

Օգոստոսի 24-ին անցկացվեց աշխատանքային քննարկում՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի օրենսդրության բարեփոխման ուղղությունների վերաբերյալ նախնական զեկույցին։ 


Արդարադատության ակադեմիայի ռեկտորի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի հետ համագործակցության շրջանակում մշակվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ նոր օրենքը՝ համապատասխան փորձագետների ներգրավմամբ։


Օրենքի մշակման նախնական ուղղությունները մանրամասն քննարկելու և շահագրգիռ կողմերի կարծիքները լսելու, համապատասխան լրացումներ կատարելու նպատակով Ակադեմիան ԹՊԻՀ-ի հետ համատեղ կազմակերպել էր  քննարկում, որին մասնակցում էին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արփինե Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, ԹՊԻՀ գրասենյակի ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, դատավորներ, դատախազներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։     


Իբրև փորձագետներ ներգրավված են Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) տեղական փորձագետ Տիգրան Մարկոսյանը և իրավական հարցերով ավագ փորձագետ Տաթև Սուջյանը։ Փորձագետներն իրենց խոսքում նշեցին, որ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը նախ բխում է ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, ապա ուղղված է կառույցի գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։


Մանրամասն քննարկվեցին հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են Ակադեմիայի անկախությանը (ինքնավարությանը), կառավարման համակարգին, ուսուցմանն ու վերապատրաստմանը, ունկնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի կարգավիճակին և այլն։


Հաշվի առնելով շահագրգիռ կողմերի բարձրացված հարցերը՝ ԹՊԻՀ գրասենյակի ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը հավաստիացրեց, որ հնչեցված առաջարկները պատշաճ մշակելուց հետո առաջիկայում ևս նման ձևաչափով քննարկումներ կկազմակերպվեն սպասվելիք օրենքի նախագիծը առավել լիարժեք դարձնելու նպատակով։