Միջազգային գիտագործնական համաժողով՝ «Նորարարությունները մասնագիտական իրավաբանական կրթության մեջ. ընթացիկ խնդիրներ և նոր հնարավորություններ» թեմայով
Մայիսի 17-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցավ միջազգային գիտագործնական համաժողով՝ «Նորարարությունները մասնագիտական իրավաբանական կրթության մեջ. ընթացիկ խնդիրներ և նոր հնարավորություններ» թեմայով: Այն կազմակերպել էր Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիան: Նպատակն էր ստեղծել հարթակ մասնագիտական իրավաբանական կրթության զարգացման հարցերի շուրջ քննարկումների և համատեղ լուծումների որոնման համար՝ ուղղված ժամանակակից իրավակիրառ պրակտիկայի պահանջներին և դրանց ապահովմանը:
Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը տեսակապով մասնակցեց համաժողովի «Իրավաբանական պրակտիկայի և կրթության թվային փոխակերպումը» թեմայով մասնագիտական քննարկմանը և ներկայացրեց Ակադեմիայի հեռաուսուցման լուծումները, դասընթացները, ուսումնական խաղաֆիկացիայի ժամանակակից մոտեցումները: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 20 միջազգային և օտարերկրյա կառույցների ներկայացուցիչներ Գերմանիայից, Սլովենիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Մալազիայից և այլ երկրներից:
Համաժողովի շրջանակում Ուզբեկստանի գլխավոր դատախազության ակադեմիայի ղեկավար Եվգենի Կոլենկոն անդրադարձավ Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման լուծումներին և դասընթացներին՝ հատուկ ընդգծելով դրանց նորարարական բնույթը և հետաքրքրաշարժությունը: Ավելին՝ Ա. Խուրշուդյանի ելույթը հատուկ ուշադրության է արժանացել նաև մասնակիցների կողմից, ինչը, նրանց խոսքով, վկայում է էլեկտրոնային ուսուցման ոլորտում Ակադեմիայի հարուստ փորձի և մեծ ներուժի մասին: