Ամփոփվեցին «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի 2021 թվականի արդյունքները
Դեկտեմբերի 17-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպական Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի 2021 թվականի համագործակցության արդյունքների ներկայացմանը վերաբերող միջոցառում: Մասնակցում էին IRZ-ի վերոնշյալ ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը և վերապատրաստման գծով փորձագետ Օթիլիա Պակուրարին, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ներկայացուցիչներ ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ դատաիրավական համակարգից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից, Ակադեմիայի մի շարք այլ գործընկերներ, հյուրեր:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում համագործակցության արդյունքում իրականացված միջոցառումները, ծրագրի շրջանակում տարբեր թեմաներով անցկացված վերապատրաստումներն ու դրանց դրական արդյունքները:
Փիթեր Գյորթլերը ևս գոհունակությամբ խոսեց համագործակցության արդյունավետության և արձանագրված արդյունքների մասին:
Ելույթ ունեցան ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը: