Դասընթացավարների վերապատրաստում՝ «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքար» թեմայով
Դեկտեմբերի 1-3-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվում է «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքար» թեմայով վերապատրաստում: Նպատակն է՝ պատրաստել դասընթացավարներ վերոնշյալ դասընթացի անցկացման համար: Այն իրականացնում է Ակադեմիան՝ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ համատեղ:
Մասնակցում են դատախազներ, քննիչներ, ներկայացուցիչներ Ակադեմիայի աշխատակազմից և քաղաքացիական հասարակությունից: Դասընթացը վարում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ատելության հողի վրա հանցագործությունների հարցերով պատասխանատու Վիկտոր Կունդրակը և ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, PAHCT հավաստագրված միջազգային դասընթացավար Նունե Հայրապետյանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ հատկապես այս օրերին Հայաստանի համար խիստ արդիական է ատելության շարժառիթներով կատարվող հանցագործությունների և դրա դեմ պայքարի վերաբերյալ ավելի լայն, խորացված պատկերացումներ ունենալը:
Վիկտոր Կունդրակը շնորհակալություն հայտնեց Ակադեմիային աջակցության համար և հույս հայտնեց, որ դասընթացը կլինի արդյունավետ: