Դիպլոմներ՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին
Սեպտեմբերի 25-ին Արդարադատության ակադեմիայում հանդիսավորությամբ հանձնվեցին դիպլոմներ Ակադեմիայի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին, մասնավորապես քրեական մասնագիտացման բաժնի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնում ընդգրկված անձանց: Հանդիսությանը ներկա էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ներկայացուցիչներ ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանից, դասընթացավարներ, հյուրեր:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին Ակադեմիայում ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ իրենց գործունեությունը պատվով են իրականացնելու: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց այս գործընթացում ներգրավված բոլոր գործընկերներին, այդ թվում՝ ունկնդիր-շրջանավարտներին, դասընթացավարներին, Ակադեմիայի աշխատակիցներին, ՀՀ բարձրագույն դատական խորհրդին:
Ռեկտորի հրամանով՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պարգևատրվեց Ակադեմիայի հուշամեդալով՝ դատավորի թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստման գործընթացի կազմակերպման արդյունավետության ապահովման գործում առանձնահատուկ ավանդի համար:
Բարեխիղճ աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար շնորհակալագրեր ստացան Ակադեմիայի վերոնշյալ խմբի ունկնդիրների ուսուցման գործընթացում ներգրավված դասընթացավարները, իսկ ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու և աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու համար շնորհակալագրեր ստացան Դատական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավարը, նույն բաժնի աշխատակիցներն էլ՝ ունկնդիրների մասնագիտական պատրաստման իրականացմանն առնչվող պարտականությունները բարեխղճորեն կատարելու և աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու համար: