Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են ԵԽ ծրագրի շրջանակում անցկացված առցանց քննարկմանը
Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի և տարբեր պետական մարմինների միջև փոխգործակցության հայեցակարգի նախագիծ» խորագրով առցանց քննարկում: Այն անցկացվեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակում:
Արդարադատության ակադեմիայի անունից քննարկմանը մասնակցում էին Ակադեմիայի պրոռեկտոր Աշոտ Հայրապետյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գևորգ Իսրայելյանը, Համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտիչյանը: Մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ԵԽ միջազգային խորհրդատուներ, քաղաքացիական հասարակության անդամներ և ուրիշներ:
Մասնակիցներին ներկայացվեց հայեցակարգի նախագիծը, ՄԻԵԴ վճիռների կատարմանն ուղղված փոխգործակցության և հաղորդակցության կանոնավոր հարթակի ստեղծման անհրաժեշտությունը: ԵԽ միջազգային խորհրդատու Լիլիան Ապոստոլը ներկայացրեց քննարկվող թեմաների վերաբերյալ առաջարկություններ ու եզրակացություններ: