ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի հետազոտման խմբի ղեկավար Գուրգեն Պետրոսյանի այցը Ակադեմիա

16.06.2021

Հունիսի 16-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի հետազոտման խմբի ղեկավար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Պետրոսյանին:

 

Ռեկտորը երախտագիտություն հայտնեց դասախոսությամբ հանդես գալու Ակադեմիայի առաջարկն ընդունելու համար, նաև նշեց, որ հպարտ է արտերկրում մեր հայրենակիցների մասնագիտական հաջողություններով: Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց Ակադեմիայի հիմնական գործառույթները, գործունեության առանձնահատկությունները, նաև առաջարկեց գերմանացի մասնագետների մասնակցությամբ համատեղ դատախաղեր կազմակերպել՝ հաշվի առնելով Նյուրնբերգի համալսարանի հաջողված փորձն ուսուցման գործընթացում սիմուլյացիոն մեթոդների կիրառման ոլորտում:

 

Գուրգեն Պետրոսյանը երախտագիտություն հայտնեց հրավերի և ջերմ հյուրընկալության համար և վստահեցրեց, որ ձևավորվող համագործակցությունն արդյունավետ կլինի և նվիրեց իր հեղինակած «Միջազգային քրեական իրավունք» ուսումնական ձեռնարկը:

 

Հանդիպումից հետո Գ. Պետրոսյանը Ակադեմիայի ունկնդիրների՝ դատախազների թեկնածուների համար հանդես եկավ դասախոսությամբ՝ «Պատերազմական հանցագործությունների պատժելիության հնարավոր մեխանիզմները» թեմայով, պատասխանեց հետաքրքրող հարցերին:

 

Գուրգեն Պետրոսյանը նաև ծանոթացավ Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեց լսարաններով, եղավ տեխնիկապես հագեցված քննասենյակում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում, հյուրանոցում, մարզասրահում: Հյուրը չափազանց տպավորված էր և իր խոսքով՝ հպարտ, որ Հայաստանում նման պայմաններ և հնարավորություններ են ստեղծված մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող ունկնդիրների համար: