Առցանց սեմինար՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հիմնահարցերը» թեմայով
Հունիսի 7-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հիմնահարցերը» խորագրով առցանց սեմինարի: Այն կազմակերպել և անցկացնում էր Արդարադատության ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ:Մասնակցում էին IRZ-ի Հարավարևելյան եվրոպայում և Հարավային կովկասում իրականացվող ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը, դատախազներ, դատավորներ և ուրիշներ:
Ֆրանկ Հուփֆելդը IRZ-ի անունից ողջունեց սեմինարի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի ռեկտորին արդյունավետ համագործակցության համար և շեշտեց, որ քննարկվող թեման արդիական է թե՛ Գերմանիայի և թե՛ Հայաստանի համար:
Գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին և սեմինարի մասնակիցներին ողջունեց նաև ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ նշելով, որ ընտրված թեմայի շրջանակում կան հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը վերջերս է (2020 թվականի սեպտեմբերի 3-ին) ներդրվել ՀՀ-ում և այս ոլորտի վերաբերյալ զարգացած երկրների դրական փորձը շատ կարևոր է մեր իրավակիրառողների համար»,- ասաց Ս. Առաքելյանը:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրական բացերը, ֆինանսական հետաքննություններին, հարկադիր բռնագանձման մեթոդներին վերաբերող մի շարք հարցեր: