Ռեկտորը մասնակցել է «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին իրազեկության բարձրացման» թեմայով սեմինարին
Մայիսի 25-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից կազմակերպված «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին իրազեկության բարձրացման» թեմայով սեմինարին, որն անցկացվում էր առցանց եղանակով: Սեմինարին մասնակցում էին նաև Ակադեմիայի պրոռեկտորը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցները:
ԺՀՄԻԳ-ը մշակել է «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի թեմայով վերապատրաստման ծրագիր իրավապահ մարմինների համար» և «Ատելության հիմքով հանցագործություններ․ վերապատրաստում դատախազների համար» ծրագրերը, որոնց նպատակն է կատարելագործել ոստիկանության և դատախազների՝ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին ընկալումները, այդ հանցագործությունների քննության և հետապնդման հմտությունները։
Սերգեյ Առաքելյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և կարևորեց ընտրված թեման՝ հույս հայտնելով, որ սեմինարի ընթացքում վերհանված հարցերը կներառվեն կարողությունների զարգացման երկու ծրագրերի ուսումնական պլաններում: