Առցանց սեմինար-քննարկում՝ «Կանխավարկածները և ապացուցման բեռը քրեական դատավարությունում» խորագրով
Հունիսի 22-ին անցկացվեց «Կանխավարկածները և ապացուցման բեռը քրեական դատավարությունում» խորագրով առցանց սեմինար-քննարկում: Սեմինարը կազմակերպել և անցկացնում էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ)՝ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ: Մասնակցում էին դատավորներ և դատախազներ:
IRZ-ի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Հարավարևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը:
Գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին և սեմինարի մասնակիցներին ողջունեց նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը գոհունակությամբ նշեց, որ սեմինարը հնարավոր եղավ կազմակերպել՝ անկախ համավարակային իրավիճակից, ինչը հերթական կարևոր քայլն է Ակադեմիայի և IRZ-ի միջև առկա գործընկերային հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ուղղությամբ: «Քրեական իրավունքի այսօրվա մեր պրակտիկայում անմեղության կանխավարկածը բավական վիճելի հարցերից է»,-նշեց ռեկտորը՝ հավելելով, որ փորձ է արվել համատեղ քննարկել և վեր հանել հարցերի այն շրջանակը, որն այսօր Հայաստանում չափազանց կարևոր նշանակություն ունի: Ռեկտորը հաջող ընթացք և արդյունավետ քննարկում մաղթեց մասնակիցներին:
Սեմինարը վարում էր փորձագետ, Դյուսելդորֆի գերագույն երկրամասային դատարանի դատավոր Արնդ Վայսհաուփթը: