ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը դիպլոմներ հանձնեց դատավորների թեկնածուների հավակնորդներին և դատախազի թեկնածուներին

30.10.2019

Հոկտեմբերի 30-ին Արդարադատության ակադեմիայում մեծ հանդիսավորությամբ ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ավարտական դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի 2019 թվականի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների 16 հավակնորդներին (քրեաիրավական, քաղաքացիաիրավական, վարչաիրավական մասնագիտացումներով) և դատախազի 14 թեկնածուներին: Ներկա էին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները՝ Խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ և նշեց, որ ուսումնական գործընթացի ամփոփումով մեկնարկում է մեր երկրի դատական և դատախազական համակարգերը նոր սերնդի ներկայացուցիչներով համալրելու գործընթացը: «Ցանկացած կրթական գործառույթ իրականացնող կառույցի գործունեության գնահատականը նրա շրջանավարտների հաջողություններն են, ձեռքբերումները, և այդ առումով լիահույս եմ, որ մեր բոլորի պատիվը բարձր եք պահելու: Երբ իրականացնեք արդարադատություն և դատախազական հսկողություն, կզգաք, թե ինչքան ավելի բարդ է իրական կյանքը, քան քննաշրջանների փուլն էր»,-նշեց ռեկտորը: Սերգեյ Առաքելյանը բարի երթ մաղթեց շրջանավարտներին և հաջողություններ խիստ պատասխանատու և դժվար ճանապարհին:
Արմեն Հարությունյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին և շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին, ինչպես նաև ուսուցման գործընթացում ներգրավված մասնագետներին, որոնք իրենց գիտելիքն ու փորձառությունն են փոխանցել ունկնդիրներին:

 

Ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: