ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հանդիպում-քննարկում ԱՄՆ-ից ժամանած գործընկերների հետ

30.10.2019

Հոկտեմբերի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած հյուրերին՝ Կենտուկի նահանգի հանրային պաշտպան Սքոթ Վեստին, Մինչդատական ծառայությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Թարա Բլեյրին, իրավախորհրդատու Ջեսսի Թաննենբաումին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի և ԹՊԻՀ գրասենյակի իրավապահ մարմինների հետ համագործակցության խորհրդատու Ադի Հոլլովեյի ուղեկցությամբ:

 

Ռեկտորը ողջունեց հյուրերին և իր երախտագիտությունը հայտնեց Միացյալ Նահանգներին՝ ժամեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:

 

Հանդիպման ընթացքում Սերգեյ Առաքելյանը մանրամասնորեն ներկայացրեց Ակադեմիայի գործունեությունը, հիմնական ուղղությունները, նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործուն աջակցությունն ու դրական արդյունքները, որոնք հիմք են հետագայում ևս արդյունավետ համագործակցության համար: Ռեկտորը պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Ակադեմիայում մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանը, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացմանը և այլն:

 

Հյուրերն իրենց հերթին գոհունակություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ տպավորված են Ակադեմիայի գործունեությամբ և այն մեծածավալ աշխատանքով, որն արվել է և շարունակվում է իրականացվել:

 

Հանդիպման ավարտին ռեկտորը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի շենքային պայմանները, լսարանները, ուսումնական դատական նիստերի դահլիճը, գրադարանը, հյուրանոցը, նաև «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ը, որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: