Ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին՝ առաջին քննաշրջանին ընդառաջ
Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների քննաշրջանին ընդառաջ և ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոկտեմբերի 17-ին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2019-2020թթ. արտահերթ ցուցակում ընդգրկված ունկնդիրներին: Ավարտվել է ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդելու է 8 դասընթացներ ընդգրկող միասնական քննությունը: Այն անցկացվելու է համակարգչայնացված եղանակով՝ թեսթային տարբերակով:
«Հասել ենք կարևոր փուլի. հոկտեմբերի 25-ից մեկնարկում է քննաշրջանը: Մեր նպատակն է ոչ թե պարզել՝ ինչ չգիտեք, այլ հակառակը՝ իմանալ, թե ինչ գիտեք և գնահատել ձեր գիտելիքն ու հմտությունները, որպեսզի ուսումնառության ավարտին պատրաստի դատավորներ ունենանք»,-նշեց ռեկտորը:
Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց քննությունների անցկացման կարգը, քննաշրջանի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, նաև պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:
Ռեկտորը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է քննությունը սահմանված կարգով անցկացնելու համար և ունկնդիրներին հաջող քննաշրջան մաղթեց: