Խորվաթիայի արդարադատության ակադեմիայի պատվիրակության այցը Արդարադատության ակադեմիա
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով հոկտեմբերի 9-12-ը Երևանում էր Խորվաթիայի Հանրապետության արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Դուրո Սեսայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի ծրագրերի մշակման խորհրդի անդամ Գորդանա Հարամինա Հրանիլովիչը, Արդարադատության ակադեմիայի տնօրեն Անդրեա Պոսավեց Ֆրանիչը, Արդարադատության ակադեմիայի գլխավոր քարտուղար Մայա Մարիա Ֆուքսը, Արդարադատության ակադեմիայի միջազգային համագործակցության և ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Նելլա Պոպովիչը:
Այցի օրակարգը հագեցած էր, գլխավոր նպատակը՝ երկկողմ համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելը և համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քննարկումներ անցկացնելը:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և նշանավորեց Խորվաթիայից ժամանած գործընկերների՝ համագործակցության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված այցը: Անդրեա Պոսավեց Ֆրանիչն իր հերթին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ այցը երկու երկրների և կառույցների բարեկամության ու համագործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրերի հրաշալի սկիզբ է:
Սերգեյ Առաքելյանը և Անդրեա Պոսավեց Ֆրանիչը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Այցի շրջանակում Գերագույն դատարանի նախագահն ու Արդարադատության ակադեմիայի տնօրենը հանդես եկան դասախոսությամբ Ակադեմիայի ունկնդիրների և աշխատակազմի ներկայացուցիչների համար: Պատվիրակության անդամները նաև ծանոթացան Ակադեմիայի շենքային և աշխատանքային պայմաններին:
Խորվաթիայի արդարադատության ակադեմիան իրականացնում է մասնագիտական պատրաստում և վերապատրաստում ինչպես դատավորների, այնպես էլ դատախազների համար, ուստի հյուրերին հետաքրքրում էին մեր երկրում դատական և դատախազական համակարգերի գործունեության առանձնահատկությունները: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև նրա տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանն ընդունեցին Խորվաթիայի պատվիրակությանը, կարևորեցին լավագույն փորձը փոխանակելու հնարավորությունը, պատասխանեցին հետաքրքրող հարցերին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Երվանդ Խունդկարյանը ևս ընդունեց պատվիրակությանը: Քննարկվեցին դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, դատավոր դառնալու տարիքային շեմին, դատավորների ծանրաբեռնվածությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Այցի շրջանակում հյուրերի համար հնարավորություն էր ստեղծվել ծանոթանալ Հայաստանի ու հայ ժողովրդի հարուստ պատմությանն ու մշակույթին: Խորվաթիայի պատվիրակության անդամները չափազանց տպավորված էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, Մատենադարանի թանգարանային համալիր, Գառնիի տաճար, Գեղարդի վանական համալիր, «Արարատ» կոնյակի գործարանի թանգարան այցելություններից: