Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի պատվիրակությունն այցելել է Արդարադատության ակադեմիա
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով հոկտեմբերի 8-9-ը Երևանում էր Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի պատվիրակությունը, որի կազմում էին Դպրոցի փոխնախագահ, դատավոր Լուիզա Նապոլիտանոն և Կառավարման խորհրդի անդամ, դատավոր Լուկա Պերիլին:
Այցի նպատակը երկու կառույցների միջև համագործակցության ձևավորումն ու հետագա քայլերի նախանշումն էր: Հյուրերն այցելեցին Արդարադատության ակադեմիա, հանդիպեցին ռեկտորին, քննարկեցին երկու կառույցների գործունեության առանձնահատկությունները, համագործակցության հնարավոր ձևաչափը, փորձի փոխանակման հնարավորությունները, ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին:
Այցի շրջանակում Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի ներկայացուցիչներին հյուրընկալեցին նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Հայկ Հովհաննիսյանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն: Հյուրերը հետաքրքրված էին ԲԴԽ-ի գործունեությամբ և նշեցին, որ շատ ընդհանրություններ կան երկու երկրների համանման կառույցների միջև, որոնցով էլ պայմանավորված՝ ավելի արդյունավետ կդառնա համագործակցությունը:
Հյուրերը նաև եղան ՀՀ արդարադատության նախարարությունում, հանդիպեցին Նախարարի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Աննա Վարդապետյանին, քննարկեցին դատաիրավական ոլորտին և մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր:
Իտալիայից ժամանած հյուրերը Հայաստանում էին առաջին անգամ, ուստի նրանց համար կազմակերպվեցին այցեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաև Մատենադարանի թանգարանային համալիր:
Այցի ավարտին կողմերը ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու և համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնեցին: