Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1

Եվրոպայի խորհուրդ

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում

Ծրագրի մեկնարկը տրվել է 2013թ. հոկտեմբերի 1-ին՝ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության (2013թ.-ի մայիս-նոյեմբեր ամիսներ) ընթացքում և ընդգրկված է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2012-2014թթ Գործողությունների ծրագրում: 

Ծրագրի հիմնական նպատակն է Վճռաբեկ դատարանի կարողությունների հզորացման և նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ուսուցողական կարողությունների ընդլայնման միջոցով բարելավել մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ իրականացումը և միասնական կիրառումը Հայաստանում: Բացի այդ, ծրագիրը կնպաստի դատավորների, դատախազների և դատական ծառայողների գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն իրենց ամենօրյա աշխատանքում կիրառելու գործում: 

Ծրագրի տևողությունը 24 ամիս է, այն ֆինանսավորվում է Դանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

Ծրագրի գործընկերներն են՝
- ՀՀ վճռաբեկ դատարան
- Արդարադատության ակադեմիա
- ՀՀ արդարադատության նախարարություն

 

Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը

Ծրագրի մեկնարկը տրվել է  2014թ. հունիսին: Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի անկախությունն ու բարելավել պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև աջակցել Հայաստանի Հանրապետության դատական համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելուն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: 

Ծրագրի հիմնական բաղադրիչներից է Արդարադատության ակադեմիայի կարողությունների հզորացման միջոցով դատական համակարգի պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացումը:

Ծրագրի տևողությունը 24 ամիս է, այն ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից:

Ծրագրի գործընկերներն են՝
- ՀՀ արդարադատության նախարարություն
֊ Արդարադատության ակադեմիա
֊ ՀՀ փաստաբանների դպրոց
֊ ՀՀ դատական համակարգ

 

Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ

Ծրագրի մեկնարկը տրվել է 2015 թ. հուլիսի 1-ին: Ծրագրի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը Հայաստանում` խոշտանգումների, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի համատեքստում:

Ծրագրի խնդիրն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության և գործելակերպի միասնականությանը` ապահովելով օրենսդրական դաշտի և կանոնակարգերի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին, ինչպես նաև զարգացնել իրավական ոլորտի մասնագետների և իրավապահ մարմինների կարողությունները:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է.

1. բարելավել քրեական օրենսդրությունը, ինչպես նաև վատ վերաբերմունքի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմները` մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համահունչ,

2. հզորացնել Արդարադատության ակադեմիայի կարողությունները քրեական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում քննիչների վերապատրաստման հարցում,

3. զարգացնել քննիչների գիտելիքները և հմտությունները քրեական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում, այդ թվում՝ վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության գործում:

Ծրագրի տևողությունը 24 ամիս է, այն ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից:

Ծրագրի գործընկերներն են՝

- ՀՀ արդարադատության նախարարություն
- Արդարադատության ակադեմիա
- ՀՀ հատուկ քննչական ծառայություն
- ՀՀ քննչական կոմիտե