Համագործակցության հեռանկարների քննարկում
Ապրիլի 6-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ԵՄ առաքելության դատաիրավական բարեփոխումների խմբի ղեկավար Իվան Պանևին: Հանդիպմանը ներկա էր նաև Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:
Իվան Պանևը ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակում իր կողմից իրականացվող առաքելության հիմնական ուղղությունները՝ այդ առումով առանձնացնելով նաև նախապատրաստական փուլում գտնվող ծրագիրը և անհրաժեշտ գործողությունների ցանկը, որի իրականացմանն է ուղղվելու ԵՄ աջակցությունը:
Ռեկտորը ողջունեց հյուրին և երախտագիտություն հայտնեց Ակադեմիայի գործունեությամբ հետաքրքրվելու և հնարավոր համագործակցության համար: Ս. Առաքելյանի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումների ներկայիս փուլում կա նման աջակցության անհրաժեշտություն:
Իվան Պանևի խնդրանքով՝ ռեկտորն անդրադարձավ Ակադեմիայի գործունեությանը, առանձնահատկություններին, ներկայացրեց ուսումնական գործընթացին և ուսուցման ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը քննարկեցին հնարավոր համագործակցության ուղղությունները, նաև պայմանավորվեցին առաջիկայում նորից հանդիպել և կարիքների գնահատման հիման վրա հստակեցնել աջակցության ձևաչափը: