Աշխատանքային հանդիպում-քննարկում
Ապրիլի 4-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն (Երևան) և ԵԽ կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժնի քաղաքականության հարցերով խորհրդատու Սառա Հափլայնեն (Ստրասբուրգ):
Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ Ակադեմիայի համար չափազանց կարևոր է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը և այդ շրջանակում իրականացվող ծրագրերը: Ավելին՝ Ա. Մանասյանը շեշտեց, որ Ակադեմիան բաց է համագործակցության համար և պատրաստ է շարունակել և ընդլայնել առկա գործակցությունը՝ տարբեր ձևաչափերով, այդ առումով՝ առանձնացնելով ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» ծրագրի շրջանակում միջազգային փորձագետների ներգրավմամբ համատեղ նոր դասընթաց մշակելու, լրացուցիչ աշխատաժողովներ և սեմինարներ անցկացնելու, նաև առցանց դասընթաց իրականացնելու վերաբերյալ հարցերը:
Հյուրերը երախտագիտություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ գոհ են առկա համագործակցության արդյունքներից: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկեցին տարվա ընթացքում նախանշված ծրագրերի և միջոցառումների անցկացման բովանդակային և կազմակերպական հարցեր: