Դատավորների և դատախազների թեկնածուների առաջին քննաշրջանը մեկնարկել է
Ապրիլի 3-ին մեկնարկել է Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող 2018 թվականի ունկնդիրների՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննաշրջանը: Այսօր գրավոր քննություն է հանձնել դատավորի 10 և դատախազի 16 թեկնածու: Միասնական քննությունը երկու դասընթացներից էր՝ «ՀՀ սահմանադրական իրավունքի գիտության և սահմանադրական արդարադատության արդի միտումները» և «ՄԻԵԴ իրավաբանության հիմունքները և արդի միտումները»:
Տեղեկացնենք, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող դատավորի և դատախազի թեկնածուների համար ուսումնառության տևողությունը 7 ամիս 2 շաբաթ է (2018 թվականի փետրվարի 26-ից հոկտեմբերի 12-ը)՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառությունը բաղկացած է ուսուցման 4 հատվածներից, որոնցից յուրաքանչյուրի ավարտին ունկնդիրները քննություն են հանձնում համապատասխան առարկաներից: Ուսուցման 1-ին հատվածին հաջորդող քննաշրջանը, որը մեկնարկել է այսօր, կավարտվի ապրիլի 13-ին: Այս քննաշրջանում քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուները կհանձնեն 3, քրեաիրավական մասնագիտացմամբ՝ 4 քննություն: Այս քննաշրջանի ընթացքում 5 քննություն կհանձնեն նաև դատախազի թեկնածուները: