Արդարադատության ակադեմիայի պատվիրակության աշխատանքային այցը Մոլդովա
Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի տնօրենի հրավերով փետրվարի 27-ից մարտի 3-ը աշխատանքային այցով Քիշնևում էր Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանը, հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:
Պատվիրակության անդամներն այցելեցին Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտ, հանդիպեցին տնօրեն Դիանա Սկոբիոալեին, քննարկեցին համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Սերգեյ Առաքելյանը Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտում հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպում ունեցավ Մոլդովայի մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի նախագահ Վիկտոր Միկուիի, խորհրդի անդամ, դատավոր Դորել Մուստյացեի հետ, քննարկվեցին երկու երկրներում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր: Հայաստանյան պատվիրակության անդամները այցելեցին Խենչեշտ քաղաքի դատարան, ծանոթացան շենքային և աշխատանքային պայմաններին, դատարանի նախագահ Միխայիլ Մակարի հետ քննարկեցին դատարանի գործունեության առանձնահատկությունները:
Այցի ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը՝ Արդարադատության ակադեմիայի և Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի միջև 2018 թվականի հունվարի 10-ին Երևանում ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
Նշենք նաև, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի «ՌԵՎԻՍՏԱ» գիտագործնական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է հաստատվել, ինչպես նաև հարցազրույց է տվել «ՌԵՎԻՍՏԱ»-ին:
Հանդիպում աշխարհահռչակ Եվգենի Դոգայի հետ
Հատկանշական է, որ այցը համընկավ մոլդովացի աշխարահռչակ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոլդովայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր, Մոլդովայի ժողովրդական արտիստ Եվգենի Դոգայի ծննդյան օրվա հետ: Ակադեմիայի պատվիրակության անդամները բացառիկ հնարավորություն ունեցան հանդիպել 81-ամյա կոմպոզիտորին: Հանդիպման ընթացքում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, արժևորելով կոմպոզիտորի անգնահատելի վաստակը, նշեց, որ Ե. Դոգայի ամենահայտնի վալսը՝ «Իմ նուրբ և քնքուշ գազանիկ» («Мой ласковый и нежный зверь») ֆիլմից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի գլխավոր երաժշտական գլուխգործոցներից մեկը, մեծ ճանաչում ունի նաև Հայաստանում: Ավելին՝ համաշխարհային ճանաչում ստացած այս ռոմանտիկ ստեղծագործությունն այսօր էլ շատ նորապսակներ ընտրում են՝ որպես սիրելի մեղեդի առաջին հարսանեկան պարի համար: Հանդիպման ավարտին Սերգեյ Առաքելյանը Եվգենի Դոգային նվիրեց դուդուկ՝ որպես հայկական նվագարան, ազգային երաժշտարվեստի խորհրդանիշ:
Այցի շրջանակում հայաստանյան պատվիրակության անդամների համար կազմակերպվել էին մշակութային ու ճանաչողական այցեր՝ հնարավորություն ստեղծելով բացահայտել ինքնատիպ պատմություն ու մշակույթ ունեցող երկիրն ու ժողովուրդը: