ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Քննարկում՝ քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների մասնակցությամբ

23.11.2017

Նոյեմբերի 23-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Քաղաքացիական դատավարության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դատական պրակտիկայում և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին Ակադեմիայում այս շաբաթ վերապատրաստում անցնող դատավորները: Քննարկումը վարում էր Արցախի Հանրապետության (ԱՀ) դատավորների միության նախագահ Հասմիկ Խաչատրյանը:

 

Քննարկման մասնակիցներին ողջունեց Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և շնորհակալություն հայտնեց ԱՀ դատավորների միությանն արդյունավետ համագործակցության համար: «Ինչպես ՀՀ-ում գործող ցանկացած հանրային գործառույթներ իրականացնող ինստիտուտի, այնպես էլ Ակադեմիայի համար Արցախի հետ մեր համագործակցությունն ամենաառանցքայիններից է: Այս առումով մեր իրավական համակարգերում առաջ են գալիս մի շարք հիմնախնդրային հարցեր, որոնք համատեղ լուծումներ են պահանջում և այդ լուծումներն ունեն կարևոր նշանակություն»,-նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ քննարկումը նվիրված է ընդդատության, դատական ակտերի կատարմանն առնչվող տարատեսակ հարցերին, որոնք չափազանց կարևոր են մեր երկու հանրապետությունների համար:

 

Հասմիկ Խաչատրյանն իր խոսքի հենց սկզբում նշեց, որ քննարկվող հարցերը քաղաքական բնույթ չունեն, թեպետ անկախ ամեն ինչից առնչությունն ակնհայտ է: «Քանի որ հանգամանքների բերումով ունենք հայկական երկու հանրապետություն, որոնք գործում են համանման օրենսդրական դաշտում, աշխատում են համանման օրենքներով, կարգավորումները ևս համանման են, հետևաբար հայցում ենք ձեր աջակցությունը, որ հաճախակի ծագող խնդիրները կարողանանք ինչ-որ կերպ լուծել, ընդ որում՝ իրավական առումով»,-ասաց Հ. Խաչատրյանն և մանրամասն ներկայացրեց այն խնդիրները, որոնց առաջ կանգնում են դատարանները արդարադատություն իրականացնելիս:

 

Ակտիվ քննարկում ծավալվեց, միջազգայնորեն չճանաչված պետությունների համանման փորձն ուսումնասիրելու և համապատասխան մեխանիզմներ կիրառելու, ինչպես նաև աշխատանքային խումբ ձևավորելու և առկա խնդիրներն արդյունավետ քննարկելու հարց բարձրացվեց: