Դիպլոմներ 2017 թվականի շրջանավարտ դատախազի թեկնածուներին
Նոյեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի 2017 թվականի ունկնդիրների՝ դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին:
Հանդիսությանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը, Խորհրդի անդամներ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը և Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց և դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի հերթական սերնդի շրջանավարտներին:
Այս տարի Արդարադատության ակադեմիայում շուրջ յոթ և կես ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 21 անձ, որոնցից 1-ը՝ Արցախի Հանրապետությունից:
«Լիահույս եմ՝ պրակտիկայում լավագույնս կարողանալու եք իրականացնել ձեր գործառույթները՝ ձեռք բերած գիտելիքի հիման վրա: Կարծում եմ՝ դատախազության համակարգն այս նոր շրջանավարտներով ձեռք է բերում պատրաստված, բանիմաց, կարող կադրեր»,-իր ելույթում նշեց Ս. Առաքելյանը և մաղթեց շրջանավարտներին, որ ոչ մի անհաղթահարելի խոչընդոտ չունենան թե՛ մասնագիտական ոլորտում, թե՛ անձնական կյանքում:
ՀՀ գլխավոր դատախազի, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անունից ունկնդիր-շրջանավարտներին շնորհավորեց և հաջողություններ մաղթեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ դատախազի թեկնածուների ուսումնառության ամբողջ շրջանը ՀՀ գլխավոր դատախազության աչքի առաջ էր՝ ունկնդիրների առաջընթացը, ակտիվությունը, միավորները, գիտելիքների մակարդակը, փորձաշրջանի ընթացքում ձեռք բերած հմտությունները, հետևաբար դրանք հաշվի առնելով առաջիկայում նշանակումներ կկատարվեն:
Նշենք, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատախազի թեկնածուների ուսուցումն իրականացվել է 2017թ. փետրվարի 27-ից հոկտեմբերի 13-ը՝ (ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը): Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1070 ակադեմիական ժամ է: