ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Դատախաղի «Լավագույն հռետորը» պարգևատրվեց Ակադեմիայի կողմից

25.09.2017

 

Սեպտեմբերի 22-23-ը Աղվերանում անցկացվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից համատեղ կազմակերպված քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ-մրցույթի բանավոր փուլը:

 

Գրավոր փուլը հաղթահարած 6 թիմերը (ԵՊՀ-1, ԵՊՀ-2, Հայաստանում ֆրանսիական համալսարան, «Modus Vivendi»` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, Գավառի պետական համալսարան, Արցախի պետական համալսարան) իրենց ուժերը չափեցին կիսաեզրափակիչ փուլում՝ հանդես գալով որպես և՛ մեղադրանքի կողմ, և՛ պաշտպանական:

 

Ժյուրիի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ դատական, դատախազական, փաստաբանական համակարգերից՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի գլխավորությամբ: Ժյուրիի անդամ էր նաև գերմանացի փորձագետ Էրիխ Յոսթերը, ով Բրեմենի փաստաբանների պալատի նախկին նախագահն է, քրեական իրավունքի մասնագիտացված փաստաբան:

 

Դատախաղի վերջին օրը առավելագույն միավորներ հավաքած ԵՊՀ-2-ը և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Modus Vivendi» թիմերը մրցեցին եզրափակիչ փուլում: Լարված պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց ԵՊՀ-2 թիմը: Դատախաղի բոլոր մասնակիցները IRZ-ի կողմից ստացան հավաստագրեր և հուշանվերներ: ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ դատավորների միության, ՀՀ փաստաբանների պալատի անունից մրցանակներ ստացան նաև «Լավագույն պաշտպանական ճառ», «Լավագույն մեղադրական ճառ», «Վճռաբեկ դատարանի նախադեպերի լավագույն կիրառում» և այլ անվանակարգերի հաղթողները:

 

Արդարադատության ակադեմիայի անունից Համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտչյանը պարգևատրեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Modus Vivendi» թիմի անդամ Ռոզա Ամիրովային՝ որպես դատախաղի «Լավագույն հռետոր»: Իսկ ժյուրիի անդամները հուշանվերներ ստացան Երևանի պետական համալսարանի և IRZ-ի կողմից:

 

Միջբուհական այս դատախաղը երկրորդ տարին է անցկացվում, և կազմակերպիչների խոսքով՝ այն ավանդական դարձնելու նպատակ կա, քանի որ հաջողված է, ինչի մասին վկայում է ուսանողների ակտիվ ներգրավվածությունը, լավ պատրաստվածությունը, մեծ հետաքրքրությունն ու նաև աշխարհում նման դատախաղերի լայն տարածումն ու արդյունավետությունը: