ԱՄՆ-ից ժամանած դատախազի դասախոսությունը՝ ընտանեկան բռնությունների վերաբերյալ
Սեպտեմբերի 6-ին Արդարադատության ակադեմիայում ԱՄՆ Դենվեր շրջանի գլխավոր դատախազի ավագ տեղակալ Էլիսոն Ռոքերը դասախոսություն կարդաց «Առաջնային արձագանքը, քննությունը և դատախազական հսկողությունն ընտանեկան բռնության գործերով» թեմայով:
Ողջունելով հյուրին և ներկաներին՝ Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը տեղեկացրեց, որ Ակադեմիան, բացի ընթացիկ վերապատրաստումներից, նաև հրավիրյալ դասախոսների կողմից պարբերաբար դասախոսություններ է կազմակերպում, ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան մասնագետների ներգրավմամբ: Ավելին՝ պրոռեկտորի խոսքով, այսօրվա դասախոսությանը մասնակցում են ինչպես Ակադեմիայի ունկնդիրները՝ դատախազները և քննիչի թեկնածուները, այլև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ՝ թեմայի ընդգրկմամբ պայմանավորված:
«Ընտանեկան բռնությունների հետ կապված հարցերը ժամանակակից աշխարհում ամենահրատապ և կարևորագույն նշանակություն ունեցող թեմաներից են, և ողջունելի է, որ հնարավորություն ունենք նման թեմայով այսպիսի մասնագիտական լսարանում քննարկում կազմակերպել, ինչը, բնականաբար, մեծ նշանակություն կունենա պրակտիկ գործունեության ընթացքում համապատասխան գործառույթները իրականացնելիս»,-նշեց Անահիտ Մանասյանը և մասնակիցներին արդյունավետ ու հետաքրքիր քննարկում մաղթեց:
Դասախոսության ընթացքում մանրամասն ներկայացվեցին ընտանեկան բռնության դեպքերի դեմ հաջողությամբ պայքարելու արդյունավետ և հետազոտությունների վրա հիմնված մեթոդները՝ հաղորդվող հանցագործության առաջին պահից մինչև բռնության զոհերի հետ հարցազրույցների անցկացում, ապացույցների հավաքագրում, զոհերի պաշտպանություն և հետագա այլ գործողություններ: Էլիսոն Ռոքերը ներկայացրեց ամերիկյան փորձը, հետաքրքրվեց հայաստանյան պրակտիկայով և իրավիճակը բարելավելու ուղղությամբ մասնագիտական բավական հետաքրքիր քննարկում ծավալեց ներկաների հետ:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ից ժամանած դատախազ Էլիսոն Ռոքերը, ով զբաղվում է ընտանեկան բռնության գործերի քննության և հսկողության հարցերով, այս օրերին Հայաստանում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կողմից կազմակերպված Professional Fellows Program ծրագրի շրջանակում փոխադարձ այցով: