ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հանդիպում-քննարկում՝ նվիրված ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությանը

02.02.2017

Փետրվարի 2-ին համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով Արդարադատության ակադեմիա այցելեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները՝ Թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի տնօրեն Շենոն Բեհայը, Ավագ խորհրդատու Օդի Հոլովեյը և Քրեական բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատու Քրիստինա Աֆոյանը:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց համագործակցության առաջարկն ընդունելու համար: Ռեկտորի խոսքով՝ համագործակցությունը ենթադրում է հավակնոտ ծրագրերի իրականացում, մասնավորապես՝ Ակադեմիայում ստեղծել համակարգչային լսարան, հեռաուսուցման իրականացման համար էլեկտրոնային նոր պլատֆորմ ձևավորել, հայ և ամերիկյան մասնագետների կողմից համատեղ հետազոտություններ իրականացնել, երկլեզու գիտագործնական պարբերական հրատարակել և այլն:

 

<<Շատ օգտակար կլինի ԱՄՆ համանման կառույցների հետ սերտ համագործակցություն ձևավորել և զարգացնել՝ փորձի փոխանակման, հրավիրյալ մասնագետների դասախոսությունների, այցերի կազմակերպման, ուսումնական գործընթացի առանձնահատկությունների, դասավանդման մեթոդների, գնահատման, քննություների ընթացքի հսկողության վերաբերյալ խորհրդատվության տրամադրման առումով>>,-նշեց ռեկտորը:

 

Ակադեմիայի գրադարանը մասնագիտական նոր գրականությամբ համալրելու անհրաժեշտության մասին խոսեց Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Իսկ ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը, հյուրերի հարցերին ի պատասխան, ներկայացրեց ուսուցման ծրագրերի առանձնահատկությունները, ունկնդիրների կողմից համապատասխան թեմաների ընտրության գործընթացը:

 

Հյուրերին բավական հանգամանալի ներկայացվեցին Ակադեմիայի կողմից իրականացվող հեռաուսուցման ծրագրերը: Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանի խոսքով՝ հեռաուսուցումն Ակադեմիայի գործունեության առաջնահերթություններից է, և այդ առումով չափազանց կարևոր է միջազգային գործընկերների փորձը, նաև Ակադեմիայի փորձը կարող է օգտակար և հետաքրքիր լինել:

 

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և խոստացան առաջիկայում ևս նման հանդիպումներ և քննարկումներ կազմակերպել՝ համագործակցության հեռանկարներն առավել առարկայական դարձնելու և հնչեցրած գաղափարները կյանքի կոչելու համար: