ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Աշխատաժողով՝ նվիրված <<Փախստականների իրավունք>> հեռաուսուցման դասընթացի ավարտին

28.01.2017

Հունվարի 27-ից 28-ը Ծաղկաձորում անցկացվեց աշխատաժողով՝ նվիրված ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության և Արդարադատության ակադեմիայի միջև համագործակցության արդյունքում մշակված <<Փախստականների իրավունք>> հեռաուսուցման դասընթացի ավարտին: Ներկա էին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի, ՀՀ վարչական վերաքննիչ և Վարչական դատարանների այն դատավորները, որոնք մասնակցել և հաջողությամբ ավարտել են 10 շաբաթ տևողությամբ վերապատրաստման այդ դասընթացը: Աշխատաժողովի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան հեռաուսուցման դասընթացը մշակած հեղինակների հետ քննարկել թեմային առնչվող մի շարք հարցեր:

 

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի միջազգային գործընկեր ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին իրականացված աշխատանքի համար: <<Կարծում եմ՝ ցանկացած նախաձեռնության գնահատման չափանիշը արդյունքն է: Իբրև արդյունք՝ ունենք ոչ միայն մշակված հեռաուսուցման դասընթաց, այլև վերապատրաստումն ավարտած ունկնդիրներ՝ դատավորներ, որոնք ապահովել են այս ծրագրի արդյունավետությունը>>,-նշեց ռեկտորը: Սերգեյ Առաքելյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտեց փախստականների իրավունք թեմայի կարևորությունը, որը խիստ արդիական է համայն մարդկության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար: Ռեկտորը նման հանդիպումներն ավանդական դարձնելու առաջարկ հնչեցրեց և ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց:

 

ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն իր հերթին երախտագիտություն հայտնեց Արդարադատության ակադեմիային ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար: Ք. Բիրվիրթը մանրամասն ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ այդ առումով հատկապես կարևորելով պետության և դատարանների դերը:

 

Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը դասընթացը հետագայում առավել խորացնելու պատրաստակամություն հայտնեց և ներկայացրեց դասընթացի մշակման և մատուցման մեթոդոլոգիան:

 

<<Փախստականների իրավունք>> հեռաուսուցման դասընթացի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ընձեռված հնարավորության համար, ինչպես նաև նշեցին հեռաուսուցման դասընթացի արդյունավետության մասին՝ ընդգծելով ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնոլոգիական առավելությունները: Դատավորների խոսքով՝ փախստականների իրավունքը ոչ թե տարիներով, այլ ժամերով է զարգանում, և այդ ոլորտի առանձնահատկություններին տիրապետելը առավել քան անհրաժեշտություն է: Նրանք նշեցին նաև հեռաուսուցման դասընթացների ընդլայնման անհրաժեշտության մասին, քանի որ առանց աշխատանքից կտրվելու հնարավորություն են ունենում որակյալ ուսուցում ստանալ: Դատավորները նաև անդրադարձան հեռաուսուցման դասընթացի բովանդակային հարցերի քննարկմանը:

 

Դասընթացի համահեղինակ Արա Խզմալյանը պարզաբանումներ ներկայացրեց մասնակիցների կողմից հնչեցրած հարցերի վերաբերյալ: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում անցկացվեց նաև դատախաղ: