Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Մեկնարկել է 2016 թվականի ուսումնական գործընթացը

29.02.2016

Արդարադատության ակադեմիայում մարտի 1-ից մեկնարկում է 2016 թվականի ուսումնական գործընթացը՝ դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Այս տարի Ակադեմիայում մասնագիտական պատրաստում է անցնելու դատախազի 8 թեկնածու, որից 3-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաև քննիչի 50 թեկնածու՝ երկու խմբերով:

 

Ուսումնական գործընթացի մեկնարկին ընդառաջ ակադեմիա էին այցելել թեկնածուները: Ողջունելով ունկնդիրներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է նրանց դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկվելու կապակցությամբ: Ռեկտորի խոսքով՝ ունկնդիրների համար սկսվում է կրթական մի շրջափուլ, որի հաջող ավարտի արդյունքում նրանք կհամալրեն մեր իրավապահ մարմինների համակարգը և կլինեն պրոֆեսիոնալ դատախազներ և քննիչներ: 

 

Ռ. Մելիքյանն ունկնդիրներին է ներկայացրել ուսումնական գործընթացին առնչվող մանրամասներ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:


Տեղեկացնենք, որ դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը սահմանված է շուրջ 10 ամիս՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:


Քննիչների թեկնածուների ուսումնառության տևողությունը շուրջ ութ ամիս է՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը:

 

Թե՛ դատախազների, թե՛ քննիչիների թեկնածուների համար ուսուցման ծրագրով նախատեսված է և՛ մասնագիտական, և՛ հարակից առարկաների դասավանդում: