Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Դիպլոմներ դատավորի և դատախազի թեկնածուներին

25․12․2015

Դեկտեմբերի 25-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի 2015 թվականի ունկնդիրների մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին: Հանդիսությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ դատական իշխանության ղեկավարներ, Ակադեմիայի դասախոսներ, հյուրեր: 

 

Այս տարի Արդարադատության ակադեմիայում շուրջ 9.5 ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 10 անձ՝ քրեական մասնագիտացմամբ, ինչպես նաև դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 14 անձ, որոնցից 3-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: 

 

<<Այսօր ամփոփում ենք ուսումնական հերթական շրջափուլը և մեծ լավատեսությամբ քայլում առաջ: 2015 թվականին կարողացանք որոշակիորեն ամփոփել 2014 թվականի արդյունքները, այն բացթողումները, թերությունները, որոնք ունեինք և ավելի մեծ ծավալով ուսումնասիրել մեր գործընկերների փորձը: 2015 թվականին ավելի հարթ տարի ունեցանք, ինչը մեզ համար լավատեսության առիթ է տալիս: Մենք պատրաստվում ենք շարունակական կատարելագործել մեր ուսումնական ծրագրերը, ուսումնական նյութերը և դասավանդման մեթոդաբանությունը, դրանք համապատասխանեցնել օրվա արդիական խնդիրներին և պահանջներին, կրթության ժամանակակից տեխնոլոգիաներին>>,-իր ելույթում նշեց ակադեմիայի ռեկտոր Ռ. Մելիքյանը, ապա ավելացրեց. <<Կրթությունը այն ոլորտն է, որտեղ պարտվողներ չկան, բոլորը շահող են: Կրթությունն այն ոլորտն է, որտեղ մենք միայն բարիք ենք ստեղծում և մեր լավ աշխատանքը ընդամենը բարիքի ծավալն է մեծացնում>>:

 

Շնորհավորելով ունկնդիր-շրջանավարտներին՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հորդորեց մղումներում լինել ազնիվ, որոշումներում՝ անաչառ, դատելուց էլ՝ արդար: Նախարարը նաև երախտիքի և գնահատանքի խոսքեց ասաց՝ ուղղված Արդարադատության ակադեմիային և ռեկտորին: <<Արդարադատության ակադեմիայի ռեկտոր պարոն Մելիքյանի անհատական ջանքերի և նվիրումի շնորհիվ է, որ այսօր փաստում ենք Արդարադատության ակադեմիայի կայացած լինելը>>,-նշեց ՀՀ արդարադատության նախարարը:


ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կարծիքով ևս այսօր Արդարադատության ակադեմիան ունակ է որակյալ կադրեր պատրաստել և վերապատրաստել մեր արդարադատության համակարգի համար, ինչը, ըստ նրա, առաջին հերթին ակադեմիայի ռեկտոր պարոն Մելիքյանի ձեռքբերումն է:


<<Կարճ ժամանակահատվածում Արդարադատության ակադեմիան կայացավ և այն այսօր դատական ու դատախազական համակարգերի համար անկասկած բարիքներ է բերում>>,-իր ելույթում նշեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:

 

Նշենք, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի և դատախազի թեկնածուների ուսուցումն իրականացվել է 2015թ. փետրվարի 23-ից դեկտեմբերի 11-ը՝ հինգ հատվածով (ներառյալ ավելի քան 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը): Ուսումնառության ժամկետի տևողությունը կազմել է 1230 ակադեմիական ժամ, որից 400 ժամը դասընթացներն էին, 40 ժամը` քննաշրջանը, 770 ժամը` փորձաշրջանը, 20 ժամը` հրավիրյալ մասնագետների դասախոսությունների ժամաքանակը:


Տեղեկացնենք, որ ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: