Ակադեմիայի հեռաուսուցման ծրագրերն արժանացել են բարձր գնահատանքի
<<Մենք խիստ տպավորված ենք ու հաճելիորեն զարմացած, թե որքան որակյալ, մտածված և առաջադիմական մեթոդների կիրառմամբ են մշակված հեռաուսուցման դասընթացները>>,-պատասխանելով լրագրողների` hեռաուսուցման ծրագրերի մասին հարցին, նշեցին ԱՄՆ դաշնային դատական կենտրոնի միջազգային դատական կապերի տնօրեն Միրա Գուր-Արիան և կրթական հարցերով ավագ մասնագետ Ջեյմս Բուքենանը:
Այս օրերին Հայաստանում են դատական ոլորտում վերապատրաստում իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկի՝ ԱՄՆ դաշնային դատական կենտրոնի ներկայացուցիչները: Առիթը Արդարադատության ակադեմիայում անցկացվող <<Մանկավարժական կարողությունների զարգացում. դատավորների ուսուցման տեխնիկան և արվեստը>> թեմայով երկօրյա դասընթացն էր:
Ամերիկյան հեղինակավոր կենտրոնի առաջատար փորձագետները, ծանոթանալով Ակադեմիայի գործունեությանը, մասնավորապես՝ Ակադեմիայի կողմից մշակված հեռաուսուցման դասընթացներին, չափազանց բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝ ընդգծելով, որ հեռաուսուցման նյութերը հաջողված են թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումներով:
<<Մեզ զարմացրեց, թե ծրագրերի մշակողները ինչպես են ուսումնասիրել և հաշվի առել այն բոլոր կարիքները, որոնք երկարաժամկետ կտրվածքով կարող են առաջանալ դատավորների մոտ: Մյուս կողմից՝ շատ զգուշավոր մոտեցում է ցուցաբերվել՝ հաշվի առնելով այն, թե ինչքան ժամանակ իրականում դատավորները կարող են տրամադրել հեռաուսուցմանը>>,-ընդգծեց Միրա Գուր-Արիան: Նրա խոսքով՝ կառուցվածքից ոչ պակաս կարևոր է նաև այն, որ ծրագրերի մշակման աշխատանքային խումբը մեծ նշանակություն է տվել հեռաուսուցման փաթեթի արտաքին գրավչությանը, ինչը կարող է ստիպել ուսումնառուին նորից վերադառնալ այդ նյութերին:
Հեռաուսուցման ամբողջական փաթեթը հյուրերը լուսանկարել են, որպեսզի Միացյալ Նահանգներ վերադառնալուն պես ներկայացնեն իրենց գործընկերներին՝ իբրև լավ փորձի օրինակ:
http://justiceacademy.am/#615