ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1662

02.10.2025

Վերապատրաստման դասընթաց՝ նվիրված «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրառման գործնական խնդիրներին»

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ համատեղ՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում անցկացրեց վերապատրաստումների շարք՝ նվիրված «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրառման գործնական խնդիրներին»:

 

Վերոնշյալ ծրագիրն անցկացվել է ԵԽ-ի Հայաստանի համար 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում:

 

Վերապատրաստման դասընթացին մասնակցել են քրեական մասնագիտացմամբ դատավորներ:

 

Դասընթացը վարում էր ԵԽ ազգային փորձագետ Դավիթ Մելքոնյանը:

1661

01.10.2025

Դպրոցականների այցն Արդարադատության ակադեմիա

Հոկտեմբերի 1-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Գազպրոմ Արմենիայի դպրոցի աշակերտները:

 

Աշակերտները հնարավորություն են ունեցել հանդիպել Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին: Ռեկտորը դպրոցականներին է ներկայացրել դատավոր, դատախազ, քննիչ դառնալու գործընթացը, խոսել իրավաբանի մասնագիտության առանձնահատկություններից, պատասխանել հետաքրքրող հարցերին:

 

Դպրոցականները ծանոթացել են նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջել լսարաններով, այցելել են գրադարան, դատական նիստերի դահլիճ, հյուրանոց, մարզասրահ:

1660

30.09.2025

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 15-րդ համարը

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 15-րդ համարը:

 

Հանդեսի այս համարում տեղ են գտել ինչպես հայ հեղինակների, այնպես էլ Ակադեմիայի օտարերկրյա գործընկեր կառույցների ներկայացուցիչների գիտական հոդվածները:

 

Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով`   https://aoj.am/storage/bulletin/

1659

29.09.2025

ԵԱՏՄ դատարանի դատավորների դասախոսությունը՝ Ակադեմիայում 

Սեպտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԵԱՏՄ դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանը, Արայիկ Թունյանը, Անդրեյ Զաբարան և Դմիտրի Ալեքսանդրովը:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին՝ ընդգծելով ԵԱՏՄ դատարանի դերը ԵԱՏՄ իրավունքի միատեսակ ընկալման և կիրառման ապահովման գործում:

 

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, կարևորեցին Ակադեմիայի և ԵԱՏՄ դատարանի տևական և արդյունավետ համագործակցությունն ու անդրադարձան այցի հիմնական նպատակին, այն է՝ «Եվրասիական տնտեսական միության դատարանի գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. իրականություն և հեռանկարներ» խորագրով դասախոսությանը՝ նախատեսված Ակադեմիայի ունկնդիրների համար:

 

Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում,մարզասենյակում և հյուրանոցում:

 

1658

29.09.2025

Միջազգային համաժողով՝ Արդարադատության ակադեմիայում

Սեպտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ նվիրված «Դրամական միջոցների լվացման օրինականացումը» թեմային:

 

Համաժողովին, որը կազմակերպվել էր Արդարադատության ակադեմիայի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից համատեղ, մասնակցում էին Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների Գերագույն (բարձրագույն) Դատարանների Նախագահների Խորհրդի ներկայացուցիչները:

 

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և ԱՊՀ գործադիր կոմիտեի իրավաբանական վարչության պետ, ԱՊՀ անդամ պետությունների Գերագույն դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի տեղակալ Պավել Յուրկևիչը:

 

Համաժողովին, որի նպատակն էր ներկայացնել և քննարկել թեմայի էությունը և Քրեական օրենսգրքի փողերի լվացման մասին հոդվածի կիրառման գործնական մարտահրավերները, հրավիրված էին իրավունքի ոլորտի առաջատար փորձագետներ, դատավորներ և գործող փաստաբաններ:

       

Տեսանյութ - https://youtu.be/-anE0VrA6MA

 

1657

22.09.2025

Արդարադատության ակադեմիան 12 տարեկան է

Սեպտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայի հիմնադրման 12-ամյա հոբելյանին նվիրված Ակադեմիայի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից համատեղ կազմակերպվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդի հիմնախնդիրները և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկան» խորագրով աշխատաժողով:

 

Միջոցառման մեկնարկին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց Վճռաբեկ դատարանի  նախագահին և գործընկերներին նման արդիական թեմայով միջոցառում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալու համար՝ շեշտելով, որ Ակադեմիան միշտ տարբեր ուղղություններով փորձում է հնարավորինս օգտակար ու արդյունավետ դարձնել այն բոլոր գործընթացները, որոնք կազմակերպվում և իրականացվում են Ակադեմիայում՝ ի նպաստ պրակտիկ աշխատանքով զբաղվող գործընկերների մասնագիտական գործունեության հետ կապված որոշակի խնդիրների լուծման:

 

Իր ողջույնի խոսքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը շնորհավորեց Ակադեմիային հիմնադրման 12-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդգծելով Ակադեմիայի կարևոր դերակատարությունն  արդարադատության ոլորտում:

 

Աշխատաժողովին հաջորդեց Ակադեմիայի 12-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում, որի շրջանակներում Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Ակադեմիայի շնորհակալագրով, Ակադեմիայի պատվոգրով և Ակադեմիայի հուշամեդալով:

 

Տեսանյութ՝  https://www.youtube.com/watch?v=pPDsCWm5TFc

1656

04.08.2025

Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների երկրորդ խմբի ունկնդիրներին

Օգոստոսի 4-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված 2-րդ խմբի ունկնդիրներին:

 

Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Քննիչի աշխատանքը քրեական արդարադատության հիմքն է, սա բոլորը պետք է իմանան և համապատասխան վերաբերմունք ունենան քննիչի քրտնաջան, երբեմն տանջալից, հաճախ անշնորհակալ աշխատանքին», նշեց ռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:

 

Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 34 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի մայիսի 19-ից հուլիսի 30-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:

 

Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=0lsulum4-a4

 

1655

11.07.2025

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների երրորդ խմբին

Հուլիսի 11-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների երրորդ խմբին: Խմբում ընդգրկված է 18 ունկնդիր:


Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, ներկայացրեց ուսուցման գործընթացի մանրամասները և պատասխանեց հուզող հարցերին:


Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկել է հուլիսի 14-ին և նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 25-ին:

1654

08.07.2025

Նախապատրաստական դասընթացների մեկնարկը

Սույն թվականի հուլիսի 7-ից Արդարադատության ակադեմիայում մեկնարկեցին նախապատրաստական դասընթացներ՝ դատախազների և ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին ընդառաջ:


Դասընթացների ավարտից հետո ունկնդիրները, ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով ստուգարք՝ առանց որևէ իրավական հետևանքների:


Դասընթացներն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:
 

1653

08.07.2025

Շնորհավորանք ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա առթիվ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա առթիվ

 

  Հարգելի՛ տիկին Թադևոսյան,

 

Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, դատավորներին և դատական ողջ համակարգին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա կապակցությամբ:


Վճռաբեկ դատարանի դերը Հայաստանի Հանրապետությունում անչափ կարևոր է ոչ միայն արդարադատության ոլորտի կայացման, այլև իրավունքի և իրավական մշակույթի զարգացման տեսանկյունից: Ձեր գլխավորությամբ Դատարանը շարունակում է արժանապատվորեն իրականացնել արդարադատության կայունացման և օրինականության պահպանման իր վեհ առաքելությունը:


Արդարադատության ակադեմիայի և ՀՀ վճռաբեկ դատարանի միջև ձևավորված համագործակցությունը մշտապես եղել է բազմակողմանի և արդյունավետ: Վստահ եմ, որ այսուհետ ևս մեր համատեղ ջանքերը կնպաստեն արդարադատության ոլորտի շարունակական կատարելագործմանն ու ամրապնդմանը:


Հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորելով Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական հաջողություններ և անսպառ ուժ՝ ձեր պատասխանատու և կարևոր առաքելության մեջ:


  Ռեկտոր Սերգեյ Առաքելյան