ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1594

17.10.2024

ԵՄ փորձագետների այցն Ակադեմիա

Դատավորների և դատախազների կարիերայի մասնագիտական TAIEX վերանայում իրականացնելու նպատակով այս օրերին Հայաստանում են Եվրոպական Միության փորձագետները: Մասնավորապես՝ պատվիրակության ներկայացուցիչները Արդարադատության նախարարության հետ համատեղ մի շարք հանդիպումներ են ունենում և Եվրոպական Միության TAIEX գործիքի շրջանակում իրականացնում դատավորների և դատախազների կարիերայի մի քանի ոլորտների ընդհանուր գնահատում, որի նպատակն է  բացահայտել կարիքները, եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների առաջարկություններ ձևակերպել, ինչպես նաև դիտարկել  գործընթացում ԵՄ-ի ներգրավվածության հեռանկարները:  


Այդ կապակցությամբ հոկտեմբերի 16-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԵՄ փորձագետներ Իտալիայի գերագույն դատարանի գլխավոր դատախազության դատախազ Ջիանլուիջի Պրատոլան, Տրենտոյի համալսարանի համեմատական սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Յենս Վոելկը և DG JUST ավագ խորհրդատու Յոհաննես Հոյջերը:


Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և կարևորեց եվրոպական կառույցների ու գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, կատարված, իրականացվող ու նախանշված աշխատանքները, պատասխանեց հյուրերին հետաքրքրող հարցերին:


Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և սպառիչ տեղեկատվության համար:
 

1593

16.10.2024

Պորտուգալիայի դատական հետազոտությունների կենտրոնի տնօրենի այցն Ակադեմիա

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով հոկտեմբերի 14-16-ը Երևանում էր Պորտուգալիայի դատական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Վազ Վենտուրան:


Այցի նպատակն էր իրավական հիմքերի վրա դնել երկու կառույցների միջև համագործակցությունը և քննարկել հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը:


Ռեկտորը ջերմորեն ողջունեց հյուրին,ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները,պատասխանեց հետաքրքրող հարցերին, քննարկվեցին արդյունավետ համագործակցության հեռանկարները:


Այցի շրջանակներում կողմերի միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ հուշագիր: 
«Պորտուգալիայի մեր գործընկերներն արդեն երկար տարիների դրական փորձ ունեն արձանագրած, դրական ավանդույթներ, որոնք շատ օգտակար կլինեն նաև մեզ համար ուսումնական գործընթացում ներդնելու առումով»,- հուշագրի ստորագրման արարողության մեկնարկին նշեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:


«Ծանոթանալով Ակադեմիայի գործունեությանը՝ հասկացա, որ շատ ընդհանրություններ կան մեր կառույցների միջև, ուստի ուրախ եմ արդյունավետ համագործակցություն սկսելու կապակցությամբ»,- նշեց Ֆերնանդո Վազ Վենտուրան՝ շնորհակալություն հայտնելով Սերգեյ Առաքելյանին հրավերի համար:

 

Տեսանյութ - https://youtu.be/ltBtxZTfKTE

1592

14.10.2024

Աշխատաժողով՝ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը» և «Գրավոր ընթացակարգերով իրականացվող դատական վարույթի դատավարական կառուցակարգերը» թեմաներով

Հոկտեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայում քրեական մասնագիտացմամբ դատավորների մասնակցությամբ տեղի ունեցավ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը» և «Գրավոր ընթացակարգերով իրականացվող դատական վարույթի դատավարական կառուցակարգերը» թեմաներով կլոր սեղան- քննարկում: Աշխատաժողովը վարում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը: Զեկույցներով հանդես եկան  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը և նույն դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը:

1591

07.10.2024

Երկօրյա վերապատրաստում՝ գրավոր հաղորդակցության կատարելագործման վերաբերյալ

Արդարադատության ակադեմիան Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հայ-շվեդական բազմամյա ծրագրի շրջանակում հոկտեմբերի   4-ից 5-ը Դիլիջանում անցկացրեց վերապատրաստում դատավորների համար՝ նվիրված գրավոր հաղորդակցության կատարելագործմանը:


Վերապատրաստումն անցկացնում էին դատավորներ Էրիկ Հավելիուսը, Մերիթ Բերյենդահլը, ազգային փորձագետ Սերգեյ Մարաբյանը:

1590

03.10.2024

Վերապատրաստումների շարք՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ համատեղ՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում անցկացրեց վերապատրաստումների շարք դատավորների և դատավորի թեկնածուների համար՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրառման գործնական խնդիրներին: 


Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» և «Գաբրիելյանն ըննդեմ Հայաստանի» գործերի խմբին, որոնք գտնվում են ԵԽ Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո:


Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են քրեական մասնագիտացմամբ 128 դատավորներ և դատավորի թեկնածուներ: 


Վերոնշյալ ծրագիրն անցկացվել է ԵԽ-ի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում:

1589

25.09.2024

Շնորհավորանք Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:

 

                Հարգելի՛ պարոն Հովսեփյան,

 

    Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմին բյուրոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:


    Անցած երկու տասնամյակների ընթացքում Ձեր ղեկավարած կազմակերպությունը ձեռք է բերել կարևոր դիրք մեր երկրի իրավապահ համակարգում: Ձեր նվիրված աշխատանքը և անզիջում ջանքերը թույլ են տվել Բյուրոյին դառնալ ոլորտում հուսալի և բարձր մասնագիտական հարթակ, որն օժտված է անհրաժեշտ գիտատեխնիկական միջոցներով և որակյալ մասնագետներով:


    Արդարադատության ակադեմիան բարձր է գնահատում մեր համագործակցությունը և մշտապես պատրաստ է աջակցելու մեր համատեղ նպատակներին՝ արդարադատության ոլորտի շարունակական կատարելագործման համար:


    Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին նորանոր ձեռքբերումներ, մեծ հաջողություններ և անխափան զարգացում՝ ի նպաստ մեր հասարակության և պետության:

1588

24.09.2024

Համագործակցության հուշագիր Արդարադատության ակադեմիայի և ՀՀ քննչական կոմիտեի միջև

Սեպտեմբերի 23-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց ՀՀ քննչական կոմիտեի հոբելյանական 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով–սեմինարին, որի շրջանակներում Արդարադատության ակադեմիայի և ՀՀ քննչական կոմիտեի միջև հանդիսավոր պայմաններում ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր:


Հուշագրի ստորագրման նպատակն է իրավական կրթության և գիտահետազոտական ոլորտի, ինչպես նաև կրթական ծրագրերի կատարելագործման և ունկնդիրների կարիերայի արդյունավետ պլանավորման գործում ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափ:
 

1587

23.09.2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության ակադեմիան հայտարարում է «Վարչական իրավունքի արդի հարցեր» և «Վարչական դատավարության արդի հարցեր» վերտառությամբ թվով երկու առարկայական ծրագրերով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգմանն ուղղված վճարովի արագացված նախապատրաստական դասընթացների մեկնարկի մասին: 
•  Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ)
•  Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա 
•  Մեկնարկը՝ հոկտեմբերի 7-ին

 

Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.
1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին, 
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը, 

 

Դասընթացներն ավարտելուց հետո ունկնդիրները, ցանկության դեպքում դասընթացների շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն:

 

Դասընթացներն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:


Առավել մանրամասն՝ կից Ուսուցման ծրագրում


Կոնտակտային անձ՝ Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյան, 098 00 05 50, 060 46 00 79, emma.khublaryan@justiceacademy.am

1586

19.09.2024

Դիպլոմներ քննիչի թեկնածուների երրորդ խմբի ունկնդիրներին

Սեպտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված 3-րդ խմբի ունկնդիրներին:


Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Հարգելի ունկնդիրներ, մաղթում եմ, որ ձեր գործունեության ընթացքում ունենաք մեծ ձեռքբերումներ և հաջողություններ ու որ ամենակարևորն է՝ առաջին հերթին ինքներդ ձեր կատարած աշխատանքից հաճույք ստանաք», նշեց ռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:


Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 11 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի հունիսի 24-ից սեպտեմբերի 5-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:

 Տեսանյութ - https://youtu.be/GPeBE0j27EI

 

1585

18.09.2024

Հասանելի է «Մարդու դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» գիտագործնական ձեռնարկի ամբողջական տարբերակը

Ակադեմիայի պաշտոնական կայքէջում հասանելի է  Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս.Վ. Առաքելյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա.Վ. Բարսեղյանի «Մարդու դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» գիտագործնական ձեռնարկը՝ ներբեռնման հնարավորությամբ:

https://aoj.am/storage/library/academy-publications/jauKr86DRia7ec9qMCA9raQYSB4oYzyqiV0Lfwxb.pdf