ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
Անչափահասների արդարադատության գաղափարը վերջին ժամանակների զարգացումներից է: Մինչև XIX դարը անչափահաս և չափահաս անձանց նկատմամբ կիրառվում էին քրեական դատավարության նույն ընթացակարգերը: ՀՀ արդարադատության համակարգում բարեփոխումներ են իրականացվում 2001 թվականից ի վեր՝ առաջ քաշելով երեխայի լավագույն շահի վերաբերյալ թեզը: Բարեփոխումները կոչված են հաղթահարելու ոլորտում առկա դժվարությունները, սակայն միևնույն ժամանակ ոլորտում առաջանում և հրատապ լուծում են պահանջում մի շարք սոցիալական և իրավական բնույթի հիմնախնդիրներ: Այդ խնդիրներից մեկն է անչափահասների արդարադատության հարցերով զբաղվող առանցքային դերակատարների՝ դատավորների, դատախազների, ինչպես նաև արդարադատության համակարգի այլ աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումները, որոնք հատկապես կարևոր են անչափահասների գործերով առանձին դատարաններ չունենալու պարագայում: Իրավախախտում կատարած անչափահասի վերաբերյալ որոշումը ենթադրում է բարդ գործընթաց ինչպես փաստերի ուսումնասիրման ու գնահատման, այնպես էլ անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային և ներպետական իրավունքի նորմերի համակողմանի վերլուծության առումով։ Այս գործընթացի արդյունավետ իրականացումն անհնար է առանց անչափահաս իրավախախտի իրավունքի առանցքային հասկացությունների, սկզբունքների և ընթացակարգերի լավ իմացության։