Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

Վերջին տարիներին աշխարհում նկատվում է փախստականների քանակի հսկայական աճ, ինչն էական ազդեցություն է ունեցել և ունի նաև Հայաստանի Հանրապետության վրա, որը բնակչության մեկ շնչի հաշվով փախստականների և տեղահանված անձանց քանակով առաջատարներից է Եվրոպայում։ Հանգամանք, որը հրատապ է դարձնում փախստականների իրավունքի իմացությունն ու դրա հիման վրա համապատասխան քայլերի իրագործումը: Ավելին, թեև առօրյա խոսքում ընդունված է փախստական անվանել հետապնդումների կամ բռնությունների պատճառով իրենց տները լքած բոլոր անձանց, իրավաբանորեն փախստական եզրույթն ունի համեմատաբար նեղ իմաստ։ Որպես հետևանք, տեղահանված անձին փախստականի կարգավիճակ շնորհելու որոշումը ենթադրում է բարդ գործընթաց ինչպես փաստերի ուսումնասիրման ու գնահատման, այնպես էլ փախստականների պաշտպանության ոլորտում միջազգային և ներպետական իրավունքի նորմերի համակողմանի վերլուծության առումով։ Այս գործընթացի արդյունավետ իրականացումն անհնար է առանց փախստականների իրավունքի առանցքային հասկացությունների, սկզբունքների և ընթացակարգերի լավ իմացության։