ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1. Ո՞րն է ինքնաստուգիչ հարցերին սխալ պատասխանելու հետևանքը:

Ունկնդիրը համարվում է դասընթացի տվյալ դասին մասնակցած, եթե պատասխանել է այդ դասի ինքնաստուգիչ հարցերին: Իսկ սա նշանակում է, որ Ձեր տված պատասխանների ճիշտ կամ սխալ լինելը որևէ կերպ չի կարող ազդել դասընթացին Ձեր մասնակցությունը որոշելու վրա:

 

2. Եթե ես գտնվում եմ արձակուրդում կամ գործուղման մեջ՝ ինչպե՞ս կարող եմ մասնակցել դասընթացին:
Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու փաստը չի խոչընդոտում Ձեր մասնակցությանը կոնկրետ դասընթացին, քանի որ վերջինս իրականացվում է առցանց: Իսկ դա նշանակում է, որ դասընթացի նյութերին կարող եք ծանոթանալ (ինչպես նաև պատասխանել ինքնաստուգիչ հարցերին) Ձեզ հարմար ցանկացած ժամի և վայրում՝ դասավանդման պլանով սահմանված ճկուն ժամկետների սահմաններում:

 

3. Հաշվի առնվելո՞ւ են արդյոք ինքնաստուգիչ հարցերի այն պատասխանները, որոնք ներկայացվել են դասավանդման պլանով սահմանված ժամկետների խախտմամբ:

Ո՛չ: Հաշվի չեն առնվելու: Դասավանդման պլանով հստակ սահմանված է, որ տվյալ շաբաթվա/դասի ինքնաստուգիչ հարցերի պատասխանները պետք է ներկայացվեն մինչև տվյալ օրվա այսինչ ժամը, իսկ սահմանված ժամկետի խախտման դեպքում այդ պատասխանները հաշվի չեն առնվի և Դուք կհամարվեք տվյալ դասին չմասնակցած (4 ժամ բացակա ստացած):

 

4. Ինքնաստուգիչ հարցերին պատասխանելու համար բավարար կլինի՞ արդյոք մեզ տրամադրվող ուսումնական նյութը:

Իհարկե՝ բավարար կլինի: Կոնկրետ շաբաթվա/դասի ինքնաստուգիչ հարցերը կազմված են բացառապես այդ նույն դասի ուսումնական նյութի հիման վրա: Այսինքն՝ տվյալ շաբաթվա/դասի ուսումնական նյութին ծանոթանալով և այն յուրացնելով՝ սկզբունքորեն կարող եք ապահովել ճիշտ պատասխանների 100%-անոց արդյունք:

 

5. Պարտադի՞ր է արդյոք ուսումնական նյութերում տեղ գտած տեսանյութերի դիտումը:

Այդ տեսանյութերի դիտումը ոչ թե պարտադիր է, այլ ցանկալի, քանի որ դրանք միտված են համապատասխան շաբաթվա/դասի ուսումնական նյութն առավել հետաքրքիր, ուշագրավ և պատկերավոր դարձնելուն, ինչպես նաև դրա գործնական կարևորությունը ընդգծելուն:

 

6. Եթե հեռուսուցման դասընթացի ընթացքում հիվանդանում եմ կամ այլ օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չեմ ունենում պատասխանել մի քանի դասերի ինքնաստուգիչ հարցերին, ապա իրավունք ունե՞մ արդյոք պատասխանելու դրանց մինչև դասընթացի ավարտը:

Նման հնարավորություն նախատեսված չէ:

 

7. Եթե դասավանդման պլանով սահմանված ժամկետներում ունկնդիրը չի ստացել համապատասխան նյութերը, ապա նա ինչպես պետք է վարվի:

Թեպետ նյութերը չստանալու հավանականությունը բավականին ցածր է, սակայն դա չի կարելի սկզբունքորեն բացառված համարել: Եթե որևէ տեխնիկական խոտանի պատճառով չեք ստացել համապատասխան նյութերը, ապա. 
կարող եք մինչև նյութերի ստացման աշխատանքային օրվա ավարտը՝ սահմանված Ձեր դասավանդման պլանով, կապ հաստատել Ակադեմիայի հեռաուսուցման վարչության աշխատակիցների հետ (նրանց հեռախոսահամարները Ձեզ նախապես տրվելու են) և տեղեկացնել առաջացած խնդրի մասին:

 

8. Եթե դասավանդման պլանով սահմանված ժամկետում ունկնդիրն ուղարկել է ինքնաստուգիչ հարցերի պատասխանները, ապա ինչպես վստահ լինի, որ այն հասել է հասցեատիրոջը:

Ինքնաստուգիչ հարցերի պատասխաններն ուղարկելուց հետո ունկնդիրն իր էլէկտրոնային փոստին կստանա համապատասխան հավաստում առ այն, որ իր ուղարկած փաստաթուղթը հասել է հասցեատիրոջը: Եթե ինչ-ինչ պատճառներով այդ հավաստումը չեք ստացել, ապա պետք է 24 ժամվա ընթացքում կապ հաստատեք Ակադեմիայի հեռաուսուցման վարչության աշխատակիցների հետ՝ ներկայացնելով խնդիրը: 24 ժամվա ընթացքում կապ չհաստատելու և խնդրի չկարգավորման դեպքում ունկնդիրը կհամարվի տվյալ դասին չմասնակցած (4 ժամ բացակա ստացած):

 

9. Դասավանդման պլանում նշված է, որ կան դասախոսի հետ հաղորդակցության օրեր և ժամեր: Պարտավո՞ր ենք արդյոք նշված ժամկետներում կապ հաստատել և հաղորդակցվել դասախոսի հետ:

Ո՛չ, պարտավոր չեք: Դասախոսի հետ հաղորդակցումը նախատեսված է ուսումնական նյութերի մասով ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ բնույթի հարցերի դեպքում:

 

10. Կարո՞ղ եմ օգտվել ուրիշ ունկնդրի էլեկտրոնային փոստից:

Ո՛չ, չեք կարող: Յուրաքանչյուր ունկնդիր պարտավոր է ունենալ սեփական էլեկտրոնային փոստ: