Դատախազների թեկնածությունների ցուցակի կազմումը
1. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է բաց և փակ մրցույթի միջոցով: Բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Տարվա ընթացքում դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ կարող է անցկացվել նաև հավակնորդների փակ մրցույթ: Բաց և փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:
Որակավորման հանձնաժողովը դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի ժամկետի, վայրի, անհրաժեշտ փաստաթղթերի մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն 3000 տպաքանակ ունեցող մամուլում և դատախազության կայքէջում:
Դատախազի թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին՝
1. ունի միայն ՀՀ քաղաքացիություն,
2. տարիքային ցենզ՝ 22-ից մինչև 65 տարեկան,
3. բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն,
4. հայերենի իմացություն:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազ կարող է նշանակվել առնվազն երկու տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձը։
Օրենքով սահմանված հետևյալ սահմանափակումների բացակայություն՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել,
3) ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (ցանկը հաստատում է Կառավարությունը),
4) չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, որոնք ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով,
5) թեկնածուի նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով,
6) ունի նաև այլ պետության քաղաքացիություն,
7) նախկինում դատախազի կամ դատավորի կամ քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքում, եթե կարգապահական տույժի կիրառումից չի անցել մեկ տարի,
8) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
Գիտական աստիճան ունեցող թեկնածուն, բացի վերը նշվածից, պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
- ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
- ունի գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ:
1. Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը օրենքի պահանջներին և համապատասխանության դեպքում թույլատրում է հայտատուին մասնակցել բաց մրցույթին:
2. Բաց մրցույթի ժամանակ որակավորման հանձնաժողովը ստուգում է բոլոր հայտատուների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին, վերջիններիս անձնական որակները և արժանիքները (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ, համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ դիրքորոշման ներկայացում), իսկ գիտական աստիճան չունեցող հայտատուների դեպքում նաև վերջիններիս մասնագիտական պատրաստվածությունը, գործնական հմտությունները, դատախազի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը:
3. Որակավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը ստացած անձինք ներկայացվում են ՀՀ գլխավոր դատախազին, ով իրավունք ունի ներկայացված հայտատուներին ընդգրկելու դատախազների թեկնածությունների ցուցակում:
Թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն Արդարադատության ակադեմիայում անցնում է ուսումնառության ծրագիր, բացառությամբ հետևյալ թեկնածուների.
Դատախազի թեկնածուն ազատվում է Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և քննություններ հանձնելուց, եթե`
1) վերջին հինգ տարվա ընթացքում ունի դատավորի, քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնում կամ փաստաբանի առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ կամ
2) վերջին 10 տարվա ընթացքում ունի դատախազի առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ,
3) իրավաբանական գիտությունների դոկտոր է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երեք տարվա ստաժ,
4) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ:
Ներկայացվող փաստաթղթերը
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է Որակավորման հանձնաժողով ներկայացնել`
1) դիմում Որակավորման հանձնաժողովի նախագահի անունով,
2) անձը հաստատող փաստաթուղթ,
3) հավակնորդի բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին),
4) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները),
5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է),
6) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ,
7) իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագրեր:Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` եռօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:
Ավելի մանրամասն տես «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 33-38-րդ հոդվածները: Դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ներկայացման հարցերով դիմել ՀՀ դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 5, հեռ. 010 511-538, 010 511-541, կայք՝ https://www.prosecutor.am/):