Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Քննչական կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները

Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել ՀՀ-ում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ այն քաղաքացին, որը`
1. անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ այդ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձինք) կամ պահեստազորի սպա է,
2. տիրապետում է հայերենին,
3. չունի Քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը):

 

Քննչական կոմիտեում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին՝
1. որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2. որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
3. որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից,
4. որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում,
5. որի նկատմամբ առկա է ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում,
6. որը չի համապատասխանում Քննչական կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջներին:
Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո Քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը:

 

Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը
Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրում է Քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը՝ տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին:
Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ որակավորման ստուգում:
Որակավորման հանձնաժողովը Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) և Քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

 

Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը ներկայացնում է`
1. անձը հաստատող փաստաթուղթ,
2. բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ,
3. կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելուց հետո իր մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները),
4. պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է),
5. Քննչական կոմիտեում ծառայությանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ,
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=96783
Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագիր-նամակներ:
Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը (տես քննիչների թեկնածուների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց մրցույթի հարցաշարը՝
http://investigative.am/news/view/qnnichner-harcashar.html), գործնական ունակությունները, ինչպես նաև նրա ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջներին:
Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ընդգրկվում են Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:

 

Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`
1. ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ,
2. իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ,
3. իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:

 

Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների, բաժինների և կայազորային քննչական բաժինների (բաժանմունքների), Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների բաժինների (բաժանմունքների) կազմում գործող քննիչներին պաշտոնի է նշանակում քննչական կոմիտեի նախագահը քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը Արդարադատության ակադեմիայում, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ սույն օրենքով սահմանված կարգով ազատված են եղել Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը քննչական կոմիտեի նախագահի կողմից հանվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից:


Ավելի մանրամասն տես «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-18-րդ հոդվածները, ինչպես նաև «ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 27.12.2014թ. թիվ 18 Լ հրամանը (http://investigative.am/news/view/qualification.html): Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ներկայացման հարցերով դիմել ՀՀ քննչական կոմիտե (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880-146, 011 880-144, կայք՝ www.investigative.am):